Թուրքիան առաջարկում է Ռուսաստանին ազգային տարադրամները օգտագործել արտաքին առևտրում փոխադարձ հաշվարկների մեջ՝ հաղորդել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամլո ծառայությունը՝ ՌԴ նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևի և Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեկչիի Ավստրալիայի բիզնես քսանյակի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումից հետո:
2013-ին երկու երկրների միջև առևտրի ծավալը 32,7 միլիարդ դոլար է եղել: ՌԴ-ն արտաքին առևտրում Թուրքիայի երկրորդ գործընկերն է ԵՄ-ից հետո, իսկ Թուրքիան ՌԴ արտաքին առևտրում ութերորդ տեղում է: Նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը նշել է, որ անցած տարի ռուս-թուրքական ապրանքաշրջանառությունը նվազել է 4,5%-ով: «Դա հիմնականում բացատրվում է անբարենպաստ համաշխարհային տնտեսական կոնյունկտուրայով: Մեր խնդիրն է՝ առավելագույն ջանքեր գործադրել՝ պահպանելու երկկողմ առևտրի դրական դինամիկան»,- ասել է նախարարը:
Բանկային-ֆինանսական համագործակցության աշխատանքային խումբը հիմա քննարկում է ազգային տարադրամներով փոխադարձ հաշվարկների անցնելու հնարավորությունը: Թուրքիայի տնտեսության նախարարը հայտարարել է, որ թուրքական կողմը շահագրգռված է Ռուսատանում տրանսպորտային-լոգիստիկ կենտրոնի շինարարությամբ, որ կկապի նավահագիստներն ու օդանավակայանները, երկաթուղիներն ու ավտոմայրուղիները: «Այս հարցերի քննարկումը նախարարները պայմանավորվեցին շարունակել սեպտեմբերի վերջին Ստամբուլում»,-հաղորդել են նախարարությունից: